Իրականացվող միջոցառումներն իրենց բնույթով ավելի շուտ նպատակ ունեն մեղմել ճգնաժամի հետևանքները` առանց վերացնելու ճգնաժամ ծնող պատճառները: Ճգնաժամը նախ և առաջ ԱՄՆ-ի ֆինանսատնտեսական ոչ արդյունավետ համակարգի արդյունք է, իսկ մյուս երկրները տուժեցին, քանի որ ֆինանսական թելերով ամուր շաղկապված էին ԱՄՆ-ին: Եթե դիտարկենք XX դարում տեղի ունեցած ճգնաժամերը, ապա պարզ կդառնա, որ դրանք ընթացել են ալիքաձև: Յուրաքանչյուր անկման հաջորդում է վերելք, իսկ վերելքին` նոր անկում:
Իրականացնելով դոլարի անվերահսկելի ու մեծաքանակ արտադրություն` բանկն այդ գումարը որոշակի տոկոսադրույքով տրամադրում է կառավարությանը: Եվ քանի որ դոլարը նաև համաշխարհային հիմնական արժույթն է, դոլարի քանակի անկառավարելի աճը ուղղակիորեն հարվածում է բոլոր մասնակից երկրներին: Աշխարհի համախառն արտադրանքն իր աճի տեմպերով չի հասնում դոլարի ավելացման տեմպերին` առաջացնելով դոլարի արժեզրկում (ինֆլյացիա) և ապրանքների գների աճ: Իրավիճակը ցնցումային չէր, քանի դեռ ԱՄՆ-ն ոսկով ապահովում էր իր արժույթի գինը: Սակայն 1976 թ. լողացող փոխարժեքների համակարգին անցում կատարելով և հրաժարվելով դոլարի ոսկով ապահովումից` վերացավ դոլարի արժեզրկումը խոչընդոտող հիմնական զսպաշապիկը, և այդ պահից աշխարհի հիմնական արժույթը ոչնչով ապահովված չէ:
Տասնամյակների ընթացքում ԴՊՀ-ն նաև նպաստել է բնակչությանը տարատեսակ վարկերի (հիպոթեկային, սպառողական) անսահմանափակ տրամադրմանը, ինչը պարբերաբար հանգեցրել է նրան, որ բնակչության զգալի մասը, հայտնվելով պարտքերի մեջ և կորցնելով աշխատանքը, զրկվել է այն ամենից, ինչ ձեռք է բերել նախկինում վարկերի միջոցով:

Մի կողմից` ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրը պահանջում է նոր պատերազմներ և նոր ռազմական պատվերներ, մյուս կողմից` այդ պատերազմների սանձազերծումը ավելի է մեծացնում ԱՄՆ պետական պարտքի բեռը` առաջացնելով տնտեսության մյուս ոլորտների անհամաչափ զարգացում: Պարզ է, որ ռազմարդյունաբերական համալիրի գերակայությամբ գործող և անընդհատ պատերազմելու կարիք ունեցող համակարգը չի կարող արդյունավետ լինել և երկար գոյատևել: Պատերազմների միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումը, գործազրկության մակարդակի նվազեցումը և այլ խնդիրների լուծումը փակուղային է և ի վերջո ստեղծելու է մի վիճակ, երբ «փոս փորողն ընկնելու է իր փորած փոսը»: ԱՄՆ-ի ներկայիս քայլերը ֆինանսական ոլորտի կարգավորման ուղղությամբ (նորանոր քանակի դոլարային հատկացումներ տնտեսության մեջ) նման են վիրաբուժական միջամտության կարիք ունեցող հիվանդին կոսմետիկ վիրահատությամբ բուժելու փորձերի, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը:
Ի՞նչ հնարավոր տարբերակներ կան ճգնաժամից դուրս գալու համար
- Ճգնաժամը հաղթահարելու մյուս տարբերակը կարող է լինել բազմարժութային ֆինանսական համակարգի ստեղծումը` յուանի, եվրոյի, ռուբլու և այլ ռեգիոնալ արժույթների հավասարաչափ ընդգրկմամբ` բացառելով որևէ արժույթի գերայությունը աշխարհում: Դա պետություններին հնարավորություն կտա դիվերսիֆիկացնելու ֆինանսական քաղաքականությունը և ավելի ճկուն գործելու պայմաններ ստեղծելու` զգալիորեն խուսափելով ցնցումային իրավիճակներից:
- Ներկայումս աշխարհի շատ երկրներում ստեղծված տնտեսական գործունեության ֆիկտիվ ոլորտը (զանազան արժեթղթերի սպեկուլյացիա, բանկային տարբեր գործառույթներ, ծառայությունների սեկտորի անհամամասնական զարգացում իրական արտադրության հետ համեմատած) վաղ թե ուշ հանգեցնում է նմանատիպ ճգնաժամերի. ուստի արտադրական հնարավորությունների մեծացումը, ֆինանսա-կրեդիտային համակարգի խիստ վերահսկողությունը և ավելի արդյունավետ նորագույն տեխնոլոգիաների ներդրումը տնտեսության մեջ էապես կնպաստեն ճգնաժամի հաղթահարմանը: Յուրաքանչյուր պետության իրական հզորությունը պետք է հիմնված լինի նյութական բարիքներ ստեղծելու, ոչ թե թղթադրամներ արտադրելու վրա:
- Ճգնաժամից դուրս գալու համար նպաստավոր կլինի, եթե Հայաստանը կարճ ժամանակամիջոցում էապես կրճատի դոլարային պահուստները, որդեգրի բազմաարժութային խնայողությունների զամբյուղ` տեղ հատկացնելով Եվրոյին, շվեյցարական ֆրանկին, ռուբլուն, յենին, յուանին և ոսկուն: Սա հնարավորություն կտա վնասներ չկրելու շատ մոտ ապագայում դոլարին սպառնացող կոլապսային իրավիճակներից և չվտանգելու փխրուն տնտեսական հավասարակշռությունը:
Ապագան կարող է իսկապես պայծառ և ապահով լինել, եթե պետությունները շեշտը դնեն անսպառ էներգատեսակների (քամի, ջուր, արև, ատոմ) վրա` չխախտելով մոլորակի հավասարակշռությունը, եթե ստեղծվեն արդարացի ֆինանսատնտեսական ենթակառուցվածքներ` յուրաքանչյուր երկրի հատկացնելով իրեն հասանելիք տեղը:
Հակոբ Վարդանյան
http://ankakh.com/2010/06/42618/
Copyright © 2010 — ankakh.com. All Rights Reserved.
http://ankakh.com/2010/06/42618/
Copyright © 2010 — ankakh.com. All Rights Reserved.
Комментариев нет:
Отправить комментарий