Արևելյան ճշմարտություններին հավատարիմ Չինաստանը որդեգրել է համաշխարհային գերիշխանության հասնելու յուրօրինակ մոտեցում: Իր նպատակների մասին բացահայտ չի հայտարարում, այլ հաստատուն և արդյունավետ քայլերով իրականացնում է դրանք՝ ցանկանալով աշխարհին կանգնեցնել արդեն կատարված անշրջելի իրողության առջև:
Մարդկության պատմության ողջ ընթացքում ուժային կենտրոններն անընդհատ փոխվել են, սակայն այդ դերը դեռևս Չինաստանին չի վիճակվել: Այժմ կան բոլոր նախադրյալները, որպեսզի վիթխարի տարածք, մոնոէթնիկ բնակչություն, ֆինանսատնտեսական ու ռազմական հսկայական հնարավորություններ ունեցող երկիրը ստանձնի աշխարհի թիվ 1 ուժի դերը:
Իր այդ դերի ստանձման յուրատեսակ «մեսիջ» էր ՉԺՀ հիմնադրման 60-ամյակին նվիրված զորահանդեսը` աննախադեպ ծավալների նորագույն զինտեխնիկայի և  զինվորների մասնակցությամբ, որ տեղի ունեցավ Պեկինում,  անցած տարվա հոկտեմբերի 1-ին: Չինաստանը իրականացնում է նաև  հազարավոր կիլոմետրեր ձգվող զորաշարժեր, ինչը կարելի է բացատրել որպես արտաքին  գործողություններ ծավալելու նախապատրաստական փորձեր:
Որո՞նք են  Չինաստանի`  աշխարհում գերիշխող դիրքեր  գրավելու գլխավոր խաղաքարտերը:
Չինաստանը կարողացել է լավագույնս միավորել կապիտալիզմի և սոցիալիզմի առավելությունները` հրաժարվելով դոգմատիկ մոտեցումներից: Սոցիալիստական պետություն լինելով հանդերձ, Չինաստանի ՀՆԱ-ի 70%-ն  ապահովում է մասնավոր  սեկտորը: Պաշտոնապես Չինաստանն իր տնտեսական կառուցվածքն անվանում է «սոցիալիզմ չինական առանձնահատկություններով»: Նման ճկուն դիրքորոշումը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դիմագրավելու մարտահրավերներին: 1970-ական թթ. վերջերից Դեն Սյաոպինի իմաստուն պետական քաղաքականության արդյունքում ձեռնարկված բարեփոխումների շնորհիվ, Չինաստանը լուրջ նվաճումներ արձանագրեց: Այդ բարեփոխումների արդյունքում երկիրը սկսեց աստիճանաբար հրաժարվել  կոլտնտեսություններից` փոխարենը զարկ տալով մասնավոր ձեռներեցությանը: Նաև որդեգրեց օտարերկրյա ներդրումների խրախուսման, առևտրի, գիտության ու տեխնիկայի  զարգացմանը միտված քաղաքականություն: Արդյունքում, 2008 թ. օտարերկրյա ներդրումները կազմեցին 108 մլրդ դոլար:
Արտահանումների խրախուսման համար Չինաստանն իր ազգային արժույթը դոլարի նկատմամբ թերարժևորված է պահում, ինչը լրացուցիչ առավելություններ է ստեղծում միջազգային ասպարեզում չինական ապրանքների մրցունակության բարձրացման և արտաքին առևտրի ծավալների  ավելացման համար: ԵՄ-ն և հատկապես ԱՄՆ-ը բազմիցս ճնշումներ են գործադրել Չինաստանի վրա՝ ստիպելու նրան ազատականացնել յուանի կուրսը: Լայնամասշտաբ բարեփոխումների արդյունքում, 1980-ական թթ. վերջերից և 1990-ական թթ. սկզբներից Չինաստանին հաջողվեց ամբողջությամբ լուծել բնակչությանը պարենով ապահովելու  խնդիրը և ստեղծել տնտեսական զարգացման բարձր ու կայուն տեմպեր:
Չինաստանի կառավարությունը ժողովրդի բարեկեցության բարձրացման համար 2006 թ. 14%-ով բարձրացրեց գյուղատնտեսությանը հատկացվող միջոցները: Դրա հետ մեկտեղ աճում են ռազմական ծախսերը: 2005 թ. «Washington Times» թերթում հայտնվեց ԱՄՆ հետախուզության ղեկավար Ջոն Նեգրոպոնտեին ուղարկված գաղտնի զեկույցը, որով հաստատվեց, որ Չինաստանը կտրուկ թռիչք է կատարել բանակի վերազինման հարցում՝ զգալիորեն ավելացնելով բանակի հզորությունը:
Չինաստանը կախված է նավթի ներկրումներից, ուստի հասկանալով նման վիճակի անընդունելիությունը` չինական կառավարությունը սկսում է շեշտը դնել վերականգնվող էներգետիկ միջոցների վրա: 2010 թ. պլանավորվել է  այդ աղբյուրներից ստացվող մասնաբաժինը 2,5%-ից հասցնել 10%-ի: Սա, անշուշտ, դրական քայլ է էներգետիկ լիակատար անկախության ճանապարհին, քանի որ վերականգնվող էներգատեսակները բնությանը չեն վնասում և անսպառ են:
Ակնառու է պետական կառավարման բարձր արդյունավետությունն ու նպատակաուղղվածությունը: Պետության բարձրագույն ղեկավար կազմը ձևավորվում է աստիճանական ճանապարհով` բացառելով անփորձ ու քաղաքականապես թույլ մարդկանց ղեկավար դիրքի հասնելը: Իսկ պաշտոնյաների կոռուպցիոն նկրտումները կանխվում են շատ խիստ ձևով` հաճախ մահապատժի ենթարկելով (2000-2009 թթ. կաշառակերության համար շուրջ 10 հազար պաշտոնյա է գնդակահարվել):
Չինաստանի ռազմական բյուջեն վերջին տասնամյակներում կայուն աճի միտում է դրսևորում: 2010 թ. Չինաստանի ռազմական բյուջեն նախատեսվում է շուրջ 78 մլրդ դոլարի սահմաններում, ինչը 7,5%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից (իսկ 2003 թ.` ընդամենը 30 մլրդ):
Բյուջեի աճին զուգընթաց, բանակի արդիականացման ու տեխնիկական հագեցվածության շարունակական բարձրացումը` ֆինանսատնտեսական ահռելի հնարավորությունների հետ զուգակցված, լուրջ նախադրյալներ է ստեղծում ռազմաքաղաքական հաջողություններ արձանագրելու համար: Գործող բանակի թիվը 2,5 մլն է, իսկ մոբիլիզացիոն հնարավորությունները` շուրջ 35 մլն մարդ, ինչը կարող է վերածվել անկասելի ուժի: Բնակչության մեծ թվաքանակն անխուսափելիորեն նոր «կենսական տարածքներ» ձեռք բերելու անհրաժեշտություն է առաջացնելու: Մասնավորապես, Չինաստանը որդեգրել է Ռուսական Սիբիրի և Հեռավոր Արևելքի խաղաղ նվաճման ծրագիր` այնտեղ առաջացնելով չինացիների հոծ զանգվածների կուտակումներ:
Աշխարհաքաղաքական գերտերություն համարվող ԱՄՆ-ն հասկանում է, որ իր հիմնական հակառակորդը Չինաստանն է և առիթը բաց չի թողնում անջատողական ձգտումներ հրահրելու՝ Տիբեթում ու Սինցզյան-Ույգուրական մարզերում և զինելու Թայվանին: Չինաստանում անցկացվող Օլիմպիադայի ժամանակ Վրաստանում պատերազմ չհրահրելու կանոնը խախտելը սուր ծայրով ուղղված էր նաև Չինաստանին: Չինաստանը կոշտ հակազդեցություն է ցուցաբերում ԱՄՆ այդ նկրտումներին: Իրանի հարցում Չինաստանը դեմ է արտահայտվում պատժամիջոցներին` զգալիորեն ապահովագրելով Իրանին դժվարություններից: Չինաստանի դոլարային պահուստների 2 տրիլիոնանոց մակարդակը կարող է  ամեն պահի ԱՄՆ դոլարի կոլապս առաջացնել, եթե Չինաստանը պահանջի այդ գումարին համարժեք ապրանքներ: Գայթակղությունը մեծ է. չնայած դրանից Չինաստանը նույնպես որոշ կորուստներ կունենա, սակայն գերիշխող դիրք ձեռք բերելու համար   այդ զոհողությանը գնալը ավելի ձեռնտու է երկարաժամկետ կտրվածքով, ինչի մասին չինացիները բազմիցս նախազգուշացրել են:
Ջորջ Սորոսի խոսքերով` Չինաստանը «համաշխարհային տնտեսության շարժիչի» դերում կփոխարինի ԱՄՆ-ին: Սորոսի կարծիքով` քաղաքական հավասարակշռությունը նախկինը չի մնա և ծանրության կենտրոնը ԱՄՆ-ից կտեղափոխվի Չինաստան. «Չինաստանը արդեն սկսել է հարձակումը ԱՄՆ տնտեսության գլխավոր հիմնասյուն դոլարի վրա»: Չինաստանը հենց իր արժույթն է համարում ԱՄՆ դոլարին այլընտրանք:
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը նվազագույն հարվածներ հասցրեց Չինաստանին, քանի որ բանկային «փուչիկ» փչելու փոխարեն նա զարկ էր տալիս իր արտադրությանը: Ներկայումս, Չինաստանը թողարկում է աշխարհի  լայն սպառման ապրանքների առյուծի բաժինը: Մասնավորապես` համաշխարհային շուկայում վաճառվող լուսանկարչական սարքերի 50%-ը, օդափոխիչների` 30%-ը, լվացքի մեքենաների` 25%-ը, սառնարանների` 20%-ը,  բջջային հեռախոսների և համակարգիչների` 40%-ը, հեռուստացույցների` 45 %-ը: Չինաստանի դերը շոշափելի է նաև համաշխարհային պարենամթերքների և շուրջ 300 տեսակի այլ արտադրանքների թողարկման ոլորտներում, ինչը Չինաստանին վերածում է աշխարհի «գլխավոր արտադրամասի»:
Այսպիսով, պարզ է դառնում, որ մոտ ապագայում Չինաստանը աշխարհին կմատուցի «արևելյան անակնկալներ»:
Հակոբ Վարդանյան
Copyright © 2010 — ankakh.com. All Rights Reserved.