Փետրվարի 22-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն մեկ անգամ ևս հաստատեց, որ «Թուրք-ադրբեջանական եղբայրությունը շարունակելու է զարգանալ «մեկ ազգ, երկու պետություն» տրամաբանությամբ»: Հայտարարությունը վկայեց Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի` թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին արած բնորոշման երկարաժամկետությունը: Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններում հնարավոր ցանկացած լարվածություն չի կարող երկարաժամկետ լինել ու խաթարել ռազմավարական ծրագրերի իրականացումը:
Ադրբեջանի անկախացումից մինչ օրս Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ամենատարբեր ոլորտներում գործում է խոր համագործակցություն: Թուրքիան հատկապես շարունակում է լուրջ ներդրում ունենալ Ադրբեջանի զինված ուժերի կատարելագործման ու պաշտպանության ոլորտի զարգացման գործում:
Անցյալ տարվա մարտին թուրքական «Roketsan» և ադրբեջանական «Iqlim» ընկերությունների միջև համաձայնություն ձեռք բերվեց 107 մմ և 122 մմ տրամաչափի բազմափող հրթիռային համակարգերի արտադրություն կազմակերպելու համար: Մի շարք ռազմական փորձագետների վկայությամբ` այդ համալիրները, ունենալով 11 կմ հեռահարություն, հնարավորություն են տալիս շուրջօրյա մարտ վարել ցանկացած եղանակային պայմաններում:
Ներկայում բանակցություններ են ընթանում թուրքական «Aselsan» ընկերության հետ` թեթև զինատեսակների, գիշերային տեսանելիության և ռազմական ոլորտի էլեկտրոնային սարքերի արտադրություն կազմակերպելու նպատակով:
2001 թ. մարտին «Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Թուրքիայի Գլխավոր շտաբի միջև նյութական օժանդակության մասին» կնքված արձանագրությունները լայն հնարավորություններ են տվել Թուրքիային «բարեփոխելու» ադրբեջանական զինուժը:
Ընդհանուր առմամբ, թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը ներառում է հետևյալ առաջնայնությունները.
  1. Ադրբեջանի զինվորական կադրերի պատրաստում թուրք հրահանգիչների մասնակցությամբ,
  2. թուրք բարձրաստիճան սպաների խորհրդատվական մասնակցություն,
  3. հետախուզական տեղեկությունների ձեռքբերում և համատեղ մշակում,
  4. աջակցություն Ադրբեջանի զինված ուժերի կառուցվածքային փոփոխություններին` ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու համար:
Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմով պայմանավորված` այս համագործակցությունը սկսեց ավելի խորանալ:
Ռուսական մի շարք լրատվամիջոցների վկայությամբ` մինչև 1992 թ. վերջը Թուրքիան Ադրբեջան է ուղարկել 5-6 հազար սպա և զինվոր: Ղարաբաղյան ճակատում հայկական ուժերի առաջին հաջողություններից հետո (Շուշիի և Լաչինի ազատագրում) թուրքական կառավարությունը քննարկում էր Հայաստանի դեմ ուղղակի ռազմական ագրեսիա ձեռնարկելու հարցը: 1992 թ. օգոստոսին կնքված երկկողմ պայմանագրով երկու երկրների ռազմական համագործակցությունն իրավականացվեց: Արդեն 1992-93 թթ. թուրքական 3-րդ դաշտային բանակը, որի տրամադրության տակ կար 1500 տանկ, 2500 հրանոթ, 1100 հետևակի մարտական մեքենա, Հայաստանի սահմանների մոտ զորաշարժեր էր անցկացնում` համապատասխան պահին ռազմական ագրեսիայի  հնարավոր սպառնալիքով: Ռազմական ներխուժումը թերևս տեղի չունեցավ գերտերությունների արգելքի պատճառով: Մասնավորապես, ԱՊՀ զինված ուժերի հրամանատար, մարշալ Շապոշնիկովը խիստ նախազգուշացրեց, որ «Եթե այնտեղ ևս մի կողմ ավելանա, մենք կարող ենք հայտնվել երրորդ համաշխարհայինի վտանգի առջև»:
Թեև պարզ դարձավ, որ ուղղակի ռազմական միջամտությունն այլևս անթույլատրելի է, Թուրքիան շարունակում էր զորաշարժերը Հայաստանի սահմանի երկայնքով: Սա կարելի է բացատրել Հայաստանի վրա հոգեբանական ազդեցություն ունենալու ձգտումով, որը կստիպեր  Հայաստանին լրացուցիչ ուժեր պահել սահմանին և լարվածության մեջ մնալ: Այս ռազմավարության մասին են վկայում Թուրքիայի ամենաբարձր ղեկավար շրջաններից անընդհատ Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն ու Ադրբեջանի հետ համագործակցելու անհրաժեշտության մասին կոչերը:
1993 թ. Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքվեց համաձայություն, ըստ որի` թուրքական կողմը պարտավորվեց Ադրբեջանին տրամադրել թեթև զինտեխնիկա և պատրաստել ռազմական մասնագետներ:
Ղարաբաղյան պատերազմի բոլոր փուլերում Թուրքիան շարունակեց ամենատարբեր տիպի օժանդակություն տրամադրել Ադրբեջանին:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի` Ադրբեջանում թուրքական բարձրաստիճան սպաների թիվը 1994 թ. հասնում էր 256-ի: Այս սպաներն իրականացնում էին Ադրբեջանի ռազմական օպերացիաների մշակման ու ադրբեջանական զորքի խորհրդատվական ղեկավարման գործառույթներ: Լեռնային տեղանքում քրդերի դեմ ռազմական գործողությունների փորձ ունեցող թուրքական սպաները կարող էին կարևոր ներդրում ունենալ ադրբեջանական բանակի մարտավարական հմտությունների զարգացման գործում:
Թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունն իր հերթին անմասն չմնաց Ադրբեջանին օգնություն ցույց տալու հարցում: Այդ տարիներին նրանց ընդհանուր թիվը Ադրբեջանում հասնում էր 15 հազարի, որոնք կարևոր պաշտոններ էին զբաղեցնում Ադրբեջանի ուժային կառույցներում:
Թեև Ադրբեջանն, այդուամենայնիվ պարտություն կրեց, 1994 թ. զինադադարից հետո թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը նոր փուլ մտավ: 1996 թ. Անկարայում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև «Ռազմական ուսուցման և գիտատեխնիկական համագործակցության մասին» պայմանագիր կնքվեց, իսկ 1999 թ. գարնանը` ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր: Ըստ այդ ուշագրավ պայմանագրի` Ադրբեջանը չի կարող ռազմական գործողություններ սկսելու ինքնուրույն որոշում ընդունել, և Թուրքիան երաշխավորում է Ադրբեջանի անվտանգությունը` նրա դեմ ուղղված ցանկացած ագրեսիայի դեպքում:
Սրանով, փաստորեն, Թուրքիան իր ձեռքում է կենտրոնացրել պատերազմի վերսկսման գլխավոր լծակը: Ուստի, շատ տրամաբանական է Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունների «թելերը» Թուրքիայում փնտրելը:
Հակոբ Վարդանյան
Copyright © 2010 — ankakh.com. All Rights Reserved.